Օրագիր .:. Blog
...Եվս մեկ վայրկյան և կրծքիս շպրտեցին ոտերն ու ձեռքերը անկանոն շարժող մարդանման մի ճճվուկ:
Բշիշկն ասաց`
- Ահա ձեր տղան: Ապրես, լավ աշխատանք արեցինք:
Իսկ ես նայում էի այս նոր աշխարհ դուրս եկած էակին ու չէի հավատում: Սեղմում կրծքիս ու չէի հավատում, որ իմ ճուտիկին եմ գրկում: Միայն շուրթերս էին շշնջում`
-Ich kann nicht glauben, ich kann nicht glauben.
Եվ նորից բշիշկի ձայնը`
-Հայրիկ, դե կտրիր պորտալարը: Քո տղան է, իմ տղան չէ:
Հետո Միքայելը գրկեց փոքրիկին, որ բուժքույրի հետ տանեն առաջին զննման: Դռան մոտ հանկարծ կանգ առավ`
- Բա անունն ինչ ա:
- Չես տեսնում, Արեգ ա,- ասեցի ես:
- Դե գնանք, Արեգս, - ասեց հայրը իր որդուն: Ու գնացին:
Անունների ցուցակը տարել էինք հետներս, բայց պետք չեկավ: Հենց ծնվեց, երկուսիս ել պարզ էր, որ Արեգն է ծնվել:
Մի քիչ հետո վերադարձավ բուժքույրը և ասաց ինձ, որ երեխաի հետ ամեն ինչ լավ է, առողջ երեխա է:
Եվս մի 20 րոպեից բոլորս նորից իրար հետ էինք: Միքայելը բերեց փաթաթած Արեգին, փորձեցի կուրծք տալ: Նստած նայում էինք մեր հրաշքին և սպասում, երբ կթողնեն մեզ տուն արդեն: Ինքն ել մեզ էր նայում, կարծես թե ասում էր`
- Դե, եկել եմ:
- Բարև, Արեգ: